Կրթության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով՝ առկա և հեռավար անցկացնելու հնարավորությունը։
«Առաջին տարբերակը, որին մենք շատ ենք ուզում անցնել, դա առկա դասերն են, որովհետև հեռավար դասերի կազմակերպման համար բավականին լուրջ կազմակերպական, ինչպես նաև համակարգիչ, ինտերնետ և լրացուցիչ սարքավորումների խնդիր գոյություն ունի։ Մենք նախորդ կիսամյակում այդ դժվարությունները տեսանք և ուսման արդյունավետության մասին որոշակի գնահատումներ ունենք։ Այդ պատճառով ձգտում ենք, որպեսզի ուսումնական գործընթացը կազմակերպենք առկա եղանակով», - ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։ - «Եթե ստիպված լինենք ուսումնական գործընթացը իրականացնել հեռավոր եղանակով, ձգտելու ենք, որպեսզի տարրական դասարանները, հատկապես առաջին և երկրորդ դասարանները շարունակեն ուսումը առկա եղանակով՝ իրենց համար ստեղծված ապահով բոլոր պայմաններով, որովհետև տառուսուցման գործընթացը, նրանց առաջին քայլերը ինքնուրույն շատ դժվար է կազմակերպել և նպատակահարմար է կազմակերպել դպրոցում։ Իհարկե, եթե դա էլ հնարավոր չլինի անել, մենք ստիպված նաև իրենց պետք է տեղափոխենք հեռավար ուսուսման»։
Թորոսյանի փոխանցմամբ, փոքր համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտը և ոտքով դպրոց հասնելու հնարավորություն կա, հնարավոր կլինի առկա ուսուցում իրականացնել․ - «Դասերը չկազմակերպելու գործընթացը ոչ թե կապված է նրա հետ, որ դպրոցում ուսումնական պրոցեսում հնարավոր է համավարակի տարածում, այդ մասը բավականին փոքր է, այլ նրա պատճառով, որ դպրոց գալու-գնալու ճանապարհին տրանսպորտում այդ վարակը կտարածվի»։
Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։
Հարցին, թե արդյոք միանշանակ է, որ նոյեմբերի 12-ից հետո դասերը կվերսկսվեն, պաշտոնյան արձագանքեց. – «Արձակուրդների ավելի երկարացնելուն մենք գործնական հնարավորություն այլևս չենք ունենում, որովհետև ամառային ամենահով ամիսը հունիսն է, հունիս ամսվա վերջին շոգերը կուժեղանան, և դասասենյակներում դաս կազմակերպելու գործընթացը շատ կդժվարանա։ Մենք հույս ունենք, որ բոլոր դեպքերում իրավիճակը այնքան լավ կլինի, որ կաշխատենք գոնե հեռավար եղանակով։ Ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակ, առկա թե հեռակա դեպքում, աշակերտների գիտելիքների գրավոր ստուգման գործընթացը՝ թեմատիկ գրավոր աշխատանքները և կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքները տեղի են ունենալու դպրոցում՝ առկա եղանակով։ Այսինքն՝ եթե սովորեն հեռավար նույնիսկ, այդ օրերին պետք է հաճախեն դպրոց, համապատասխան ապահով սենյակներում գրեն իրենց գրավոր աշխատանքները և վերադառնան տուն»։
Դպրոցներում աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերսկսումը Առողջապահության նախարարությունը նպատակահարմար չի համարում:
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակվածության մեծաքանակ դեպքերը, աճի տենդենցը՝ կրթական գործընթացի վերսկսումը նպաստելու է իրավիճակի առավել վատթարացմանը, երեկ «Ազատության» եթերում ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային շատ՝ 26 մարդ, կորոնավիրուսով վարակված ևս 8 մարդ մահացել է այլ պատճառներով։ Երեկ կատարված 3397 թեստավորվածներից կորոնավիրուսը հաստատվել է 1600-ի մոտ։ Այժմ հիվանդությունից բուժում են ստանում ավելի քան 27 հազար հիվանդ։ 447 հոգի սպասում է հոսպիտալացման իր հերթին։