Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 21-րդ տարելիցն է

Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ողբերգության 21-րդ տարին։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։