Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները», - նշեց Հովհաննիսյանը:
«Այսօր ողջ օրվա ընթացքում հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը: Չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով ետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի, անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր նույնիսկ թողնելով մեքենաններ փախել են», - հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Շեխեր, Ջիվանի, Ազոխ և հարակից այլ գյուղերում մարտերը շարունակվում են:
«Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին, և սա կրկնվում է գրեթե ամեն օր», - հայտարարեց Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակը նշեց, որ «մեր ԱԹՍ-ների կիրառությունը քանակապես, ցավոք, մեծ չէ, բայց դրանք ունեն իրենց կիրառությունը»։ Եթե կարիք լինի այդ կիրառությունների նորանոր ապացույցների, կներկայացնեն։