ԱՆ փոխնախարարը նշում է՝ կախված օրական գրանցվող դեպքերի քանակից, հերթերում սպասողների թիվը կարող է մեծանալ

«Չկա որևէ մի սահման, որ մենք կարողանանք ասել՝ [կորոնավիրուսի] դեպքերը մինչև այսքան կարող են ավելանալ», - «Ազատության» հետ զրուցում ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Դրանք անվերջ կարող են ավելանալ, քանի մարդիկ չեն հիվանդացել կամ իմունիտետ չունեն, և այդ դեպքերի քանակի ավելացումը կարող է անվերջ լինել, եթե որևէ քայլ մենք չձեռնարկենք», - ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ Հայաստանում այսօր կորոնավիրուսի մահացության ցուցանիշը կազմում է 1,5 տոկոս:

«Հունիս-հուլիս ամիսներին մաքսիմալ թիվ ակտիվ հիվանդների, որոնք որ բուժման են ենթարկվել ունեցել ենք, եղել են 10-11 հազարի շրջանակներում, ներկայում ունենք կրկնակի ավելի, մոտավորապես 25-26 հազար հոգի ներկայում բուժում են ստանում, մյուսները, մեծամասնությունը արտահիվանդանոցային պայմաններում է բուժում ստանում: Մյուսները, ովքեր ծայրահեղ ծանր են տանում, իհարկե, հոսպիտալացվում են», - ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մոտ 482 վարակված քաղաքացիներ չեն հոսպիտալացվում, Լենա Նանուշյանը պատասխանեց, որ արդեն կան հոսպիտալացման հերթեր՝ հավելելով, որ կախված օրական գրանցվող դեպքերի քանակից, հերթերում սպասողների թիվը կարող է մեծանալ:

«Թիվը օրեցօր ավելանալու է հերթերի սպասող, որովհետև եթե նման տենդենցներով 2 հազարից ավել դեպքեր գրանցվեն, այդ 2 հազարից ավել դեպքերի, տարբեր օրեր, իհարկե, տարբեր թվեր, բայց մեծամասնությունը, կեսը գոնե, կամ 40 տոկոսը հոսպիտալացման ենթակա են, բնականաբար, էդ հերթերը ավելի ու ավելի են շատանալու, որովհետև էն ռեսուրսները, որոնք որ առողջապահական համակարգում առկա են, դրանք անսահման չեն, սահմանափակ են, և հաշվի առնելով, որ այսօր համակարգը ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ է զբաղվում, այլ նաև իրականացնում է իր ամենօրյա ռուտինային աշխատանքը, իրականացնում է նաև այսօր վիրավորների բժշկական օգնության, սպասարկման հարցերը», - ասաց Նանուշյանը:

Փոխնախարարը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության համար «տրվող մահճակալների թիվը անվերջ չի», և այստեղ կա նաև բուժաշխատողների, սարքավորումների խնդիր: «Այսինքն միայն մահճակալների առկայությամբ հնարավոր չէ լուծել խնդիրը», - ընդգծեց Նանուշյանը:

Լինում են դեպքեր, երբ մարդիկ երիտասարդ են, քրոնիկական հիվանդություններ չունեն, բայց նրանց կյանքը փրկել չի հաջողվում

«Ունենք նաև դեպքեր, երբ մարդիկ երիտասարդ են, մարդիկ առողջ են, որևէ խրոնիկական հիվանդություններ չունեն, բայց, ցավոք, նույնպես չի լինում փրկել իրենց կյանքը: Ինչքան էլ մեր բուժաշխատողները ջանք ու եռանդ չեն խնայում՝ փրկելու իրենց կյանքը, բայց ունեցել ենք նաև դեպքեր, որ ոչ միայն շատ բարդ է ընթացել հիվանդությունը, մարդիկ կարող է շատ երկար ժամանակ ռեանիմացիայում անցկացնեն, եղել են դեպքեր նաև, որ մահ նույնպես գրանցվել է», - նշեց փոխնախարարը:

Դպրոցներում դասապրոցեսի վերսկսումը նպատակահարմար չէ

Դպրոցներում աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերսկսումը Առողջապահության նախարարությունը նպատակահարմար չի համարում:

«Հաշվի առնելով ներկա մեծաքանակ դեպքերը, պետք է նշեմ, որ Հայաստանում դեպքերը գրանցված 1 միլիոն բնակչության հաշվով երևի ամենաբարձրերից մեկն է աշխարհում, հաշվի առնելով նաև տենդենցը աճի, բնականաբար՝ կրթական պրոցեսի վերսկսումը նպաստելու է առավել վատթարացմանը իրավիճակի, և մենք նպատակահարմար չենք գտնում այս պահին դպրոցականը դասապրոցեսը վերսկսելը», - ասաց Նանուշյանը՝ մանրամասնելով. - «Դա միայն դասասենյակներում աշխատանքը չի՝ դա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը ու մնացած բոլոր տեսակի ակտիվությունների ակտիվացումը նույնպես ենթադրում է»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.