ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը CBS-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանին մղում են կրակի դադարեցման պայմանավորվածության:
Նա ասել է, որ այս օրերին իրենք զբաղվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ: Հայաստանն արդեն ընդունել է հրադադարի ռեժիմը, սակայն Ադրբեջանը` դեռ ոչ: Օ՛Բրայանի խոսքով` իրենք մղում են Ադրբեջանին անել դա:
Ավելի վաղ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, խորհրդականը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր. «Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ հանդիպմանը ես պնդել եմ, որ անհապաղ պետք է դադարեցնել կրակը, այնուհետև պետք է վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի հետ բանակցություններին և մերժել իրավիճակը ապակայունացնող արտաքին դերակատարներին։ Չկա ռազմական լուծում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս հանդիպել էր ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։