Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր պաշտոնապես հրապարակեց քարտեզ՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Դրանում կարմիրով նշված են այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Անդրադառնալով ռազմագերիների փոխանակման հարցին, ՊՆ ներկայացուցիչը նշեց. «Այս պահին Միացյալ Նահանգներում ընթանում են բանակցություններ և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել կոնկրետ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ապա մենք առաջինը դրա մասին օֆիցիալ կհայտնենք»:
Հովհաննիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում:
«Այսօր հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել: