ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել է հրադադարի համար անհրաժեշտ քայլերը

ԱՄՆ- Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, 23 հոկտեմբերի, 2020թ.

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի համար անհրաժեշտ քայլերը: Այդ մասին Մայք Փոմփեոն գրել է Թվիթերի իր էջում Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին-առանձին ունեցած հանդիպումներից հետո։

«Երկու կողմն էլ պետք է հրադադար հաստատեն և վերադառնան բովանդակային բանակցությունների»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։ Պետդեպարտամենտի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ էլ նշվում է՝ Մայք Փոմփեոն ընդգծել է բռնությունները դադարեցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը։

«Պետքարտուղարը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բովանդակալից բանակցություններ սկսելու կարևորությունը՝ Հելսինկիի ակտի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վրա»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Փոմփեոյի հետ հանդիպմանը պնդել է, թե «Ղարաբաղի հարցում Ադրբեջանի արդար դիրքորոշումը հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի վրա»:

Փոմփեոն և Բայրամովը քննարկել են նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:

Բայրամովին հանդիպելուց հետո սկսվել է պետքարտուղարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:

Պետքարտուղար Փոմփեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:

Հայկական կողմը փոխանցում է նաև, որ Զոհրաբ Մնացականյանը ևս, ինչպես ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Մինչ այս հանդիպումները լրագրողների հետ զրույցում Մայք Փոմփեոն ընդգծել էր, որ իր նպատակն է նախ և առաջ կրակը դադարեցնել։

«Տեղում բարդ իրավիճակ է, այդ թվում՝ դիվանագիտական առումով։ Այս հարցում մեր դիրքորոշումը ինչպես և եվրոպական երկրների, մնում է նույնը՝ առաջ գնալու ճիշտ ճանապարհը հրադադարն է։ Ես հորդորելու եմ արտգործնախարարներին թուլացնել լարվածությունը, ընդգծելու եմ, որ յուրաքանչյոր երրորդ երկիր պետք է զերծ մնա միջամտությունից և էլ ավելի չբորբոքի այս հակամարտությունը՝ զենք ու աջակցություն առաջարկելով»,- ասել էր պետքարտուղարը: