ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե որքանով է ընդունելի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, Սիրիայից մահմեդական գրոհային վարձկաններ է փոխադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:
Արձագանքելով այդ հարցին` Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ:
«Մենք կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում այն մասին, որ ռազմական գործողություններն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, մենք սատարում ենք խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ ենք անում դադարեցնել կրակը, գտնել դիվանագիտական, խաղաղ լուծում»,- ասել է Ստոլտենբերգը: