Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի համոզմամբ, մոտ ամիս ընթացող պատերազմն անխուսափելի էր, այն անպայման մի օր սկսվելու էր, և կարևորը՝ որ հիմա մեր բանակը պատրաստ էր դրան։
«Ազատության» հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ դրան պատրաստ էր նաև մեր ժողովուրդը, որն այսօր հավատում է իր ղեկավարին և պատերազմ է գնում՝ քաջ գիտակցելով, թե ինչի համար է գնում, գնում է իր հողն ու հայրենիքը պաշտպանելու․ - «Եթե դու ուժեղ ես, դու հաղթես, այ էդ վախտ քեզ պիտի հարգեն։ Ու վերջ։ Էդ հին պաշտոնյաները, որոնք երեսուն տարի թալանեցին երկիրը, ամենամեղավորը իրանց են էս վիճակի մեջ։ Փոխանակ երեսուն տարի զենք առնեին, իրենք էին հարստանում։ Էս ուղղակի սարսափելի հանցագործություն ա մեր ժողովրդի դեմ։ Պատրաստվեին էսօրվան, գիտեին, որ էս օրը գալու է։ Մենք պիտի պինդ կանգնենք ու իրոք պետք է մեր իրավունքները պաշտպանենք։ Երեկվա Պուտինի խոսալը իմ համար շատ հուսադրող էր, որովհետև ինքը հիշեց Սումգայիթը, ասեց, որ սա տարածքի կռիվ չի, այլ սա էթնիկ կռիվ ա, էդ մարդիկ ուզում են էս ժողովրդին ոչնչացնեն։ Դա շատ կարևոր բան ա, որ աշխարհի մեծ պետություններից մեկի ղեկավարը տենց բան ա ասում․․․ Արմեն Սարգսյանը, կարծում եմ, շատ կարևոր էր, որ գնաց ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ հանդիպեց։ Կոնկրետ բացատրեց, որ չի կարելի․․․ Կարծում եմ, որ մերոնք օր-օրի ուժեղացնում են ամեն ինչը․ և՛ ճնշումը, և՛ խելոքանում են ղեկավարները։ Իսկ էն, ինչ որ արեցին երիտասարդները, խոսք չկա ուղղակի, դա հերոսություն ա ուղղակի։ Բայց էդ զոհված էրեխեքի ցուցակները որ տեսնում ես, շատ ծանր ա»։
Հարցին, թե ինչպես է տեսնում խնդրի հանգուցալուծումը, Սարգսյանն արձագանքեց․ - «Ո՞նց Կոսովոն Ամերիկան մի օրում ճանաչեց, էդ ի՞նչ էղավ․․․ նրանց վիճակը մեր հանդեպ շատ հեշտ էր։ Նույնը ֆաշիզմն էր․ վախտին չկանգնացրեցին, էկավ իրանց բոլորի դեմ կանգնեց։ Ինձ թվում ա, որ Արցախի միջազգային ճանաչումը կարևոր հարց ա․ արդեն նրանք չեն կարա ասեն՝ մեր շրջանները հետ տվեք։ Ինչ հետ տան․․․ էդ երկիրը իրա հողի վրա ապրում ա հազարամյակներ, ունի էդ հողի վրա հազար հինգ հարյուր հուշարձան, Գրիգոր Լուսավորչի թոռն ա էնտեղ թաղված, Գանձասարի վանք ա․․․ ո՞ւմ թողես, էդ թողես ադրբեջանցիների՞ն։ Ի վերջո, մարդիկ հասկանում են, չէ՞, որ տենց ա․․․ Բայց կհասկանա, երբ որ դու ուժդ ցույց տաս, ցույց տաս, որ դու ազգ ես՝ պինդ կանգնած քո հողի վրա, ու չես տալու էդ հողը ոչ մեկին»։