Արցախում ընթացող մարտական գործողություններին է անդրադարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից մեծաթիվ զոհեր կան:
«Մեր տվյալներով յուրաքանչյուր կողմից ավելի քան 2 հազարից ավելի զոհ կա, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարին։ Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում խորհրդային բանակում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այստեղ այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ 5 հազար», - ասել է Պուտինը։
Խոսելով «Վալդայ» քննարկումների ակումբի ուղիղ եթերում՝ Պուտինը նաև նշել է, որ շատ կցանկանար որևէ կոմպրոմիս գտնել և ամեն օր մի քանի անգամ խոսում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Պուտինը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ իրենց մոտեցումները Թուրքիայի հետ չեն համընկնում։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է՝ եթե 30 տարվա բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ հաջողություն չեն գրանցել, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել։ Պուտինը նաև նշել է, որ նախկինում ղարաբաղյան կոնֆլիկտը մեկնարկել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած դաժան հանցագործություններով։
«Փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել։ Այս ամենը մենք պետք է համալիր կերպով հաշվի առնենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է երկրի կողմից, չի կարող անվերջ շարունակվել։ Երկար տարիների ընթացքում մենք առաջարկում էինք այս ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակները, որպեսզի կայունացնենք իրավիճակը երկարատև պատմական հեռանկարում։ Այժմ մանրամասների մեջ չեմ խորանա։ Բայց հավատացեք, որ դա եղել է լարված աշխատանք՝ ուղղված դիրքորոշումների մոտեցմանը։ Որոշ պահերին թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ, ու մենք կգտնենք լուծումը։ Դժբախտաբար, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտությունն՝ իր ամենավատ դրսևորմամբ»,- ասել է նա։
«Ռուսաստանը Հայաստանի հետ միշտ էլ յուրահատուկ կապեր է ունեցել։ Բայց յուրահատուկ կապ ունենք նաև Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում և մոտ 2 միլիոն ադրբեջանցի։ Եվ նրանք միայն այն մարդիկ չեն, որ ժամանակավոր աշխատանքի են եկել, նրանք մարդիկ ենք, որոնք գրեթե մշտական այստեղ են ապրում։ Այդ բոլոր մարդիկ շատ ամուր կապեր ունեն Ռուսաստանի հետ հումանիտար մակարդակում՝ միջանձնային, գործարար, հումանիտար, ընտանեկան։ Այդ պատճառով և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հավասար գործընկերներ են»,- նաև ասել է Պուտինը։