Արցախցի կանայք Երևանում ժենգյալով հաց են թխում և վաճառքից գոյացող հասույթը փոխանցում են «Հայաստան» հիմնադրամին

Արցախի հրթիռակոծվող բնակավայրերից Երևան տեղափոխված մի խումբ կանայք Հյուսիսային պողոտայում ժենգյալով հացի պատրաստման ու վաճառքի կետ են բացել։ Վաճառքից գոյացած հասույթն ուղղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Արցախում ժենգյալով հաց թխելու 15 տարվա փորձ ունեցող Արմինե Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ասում է, որ այս ծանր ժամանակներում իր սիրտը մի քիչ թեթևանում է այն մտքից, որ կարողանում է գոնե այսպես օգնել առաջնագծում կանգնած տղամարդկանց, որոնց թվում նաև իր հարազատներն են․ - «Մեր էս չարչարմունքը, գումարը գնում ա մեր հինմադրամին, գիտենք, որ մեր զինվորներին ա փոխանցվում։ Աղջկաս հետ աշխատում եմ»։

Գոյացած բավական մեծ հերթում կանգնած երևանցի մի կին ասաց․ - «Գիտենք, որ ղարաբաղցին է տալիս։ Եկել ենք, որ այստեղից վերցնենք»։

Ժենգյալով հացը թխողներից Լեսմոնիա Օհանջանյանը ուրախ է, որ կարող է օգտակար լինել․ - «Եթե իմանանք մի տոկոս կարանք մեր զինվորին օգնենք, ինչի՞ չանենք։ Պարապ նստելն ո՞ւմ ա պետք»։

Տիկին Լեսմոնիան ասաց, որ առաջնագծում են իր փեսան ու թոռը։

Արցախցի այս կանայք Երևանում ապրում են իրենց ազգականների տներում։ Ասում են, որ կբավարարվեն նվազագույնով, միայն թե խաղաղությունը շուտ հաստատվի։