«Պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքներ», - ֆեյսբուքյան գրառմամբ այսօր տեղեկացրել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղադրելով նաև տեսանյութ։ Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե ինչ ենթակառուցվածների մասին է խոսքը։
«Ներկայումս տեղական նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում։ Ադրբեջանը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են», - առավոտյան ամփոփել էր Հովհաննիսյանը։
Գիշերվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը երեկ ուշ երեկոյան փոխանցել էր նաև մանրամասներ օրվա մարտական գործողություններից․ - «Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտիկ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում։ Հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։ Օդուժ որպես էդպիսին շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր Զինված ուժերի և ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ, որի մասին պաշտոնապես հաղորդում եղել է։ Ընդհանուր առմամբ օպերատիվ վիճակը ամբողջ առաջնագծում այդպիսին է, մարտերը շարունակվում են։ Դրանք այնքան թեժ չեն նախորդ օրերի ամենաթեժ մարտերի հետ համեմատած, բայց պահպանում են իրենց աստիճանը, կիրառվում է հիմնականում հրետանի, կիրառվում է շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Աղդամի մատույցներից տեսաուղերձ է հղել, որում նաև առաջնագիծ գնալու կոչ էր արել․ - «Ուզում եմ այն միասնականությունը, որ այսօր կա, պահպանվի։ Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք․ ձեզնից է կախված մեր ազգի ապագան։ Ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք ձեր հայրենիքի նկատմամբ պարտքը, հնարավորության դեպքում՝ առաջնագծում։ Սահմանում ձեզ սպասում են ավելի քան քան երբևէ։ Պատվով կատարեք ձեր հայրենասիրական պարտքը։ Սա հայրենական պատերազմ է»։
Երեկ նման կոչ էր արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակեց ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Պատերազմի 26-րդ օրը հայկական կողմը հայտնել է 871 զինվորի մահվան մասին։
Ադրբեջանական կողմը սեփական կորուստները չի հայտնում՝ պատճառաբանությամբ, թե դա ռազմական գաղտնիք է։ Փոխարենը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, թե Հայաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «անհեթեթություն և ցինիկ սուտ» է որակում այս հայտարարությունը՝ գրելով․ - «Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»։