Հինգ տարի՝ ադրբեջանական գերության մեջ

Բերդաձորի գյուղերում բնակիչները խիստ հսկողություն են սահմանել. շրջում են ձորակներով, թեպետ վստահ են՝ Ադրբեջանի, Թուրքիայի, վարձկանների եռամիասնությունն իրենց թավուտներում կխճճվի:

Հինշենցի Գառնիկ Առուստամյանի ընկերը Արզնիից հետաքրքրվում է՝ «ի՞նչ կա, ի՞նչ չկա». տեղեկացավ, որ «գլխըվեր հետ են տվալ» հարավային հատվածում: Երկու ընկերները նաև դաժան օրերի բախտակիցներ են, նրանք հինգ տարի միասին ողջ են մնացել ադրբեջանական գերության մեջ: Մահացու կրակոցին ադրբեջանական բանտի մահվան խցում սպասել են հինգ տարի:

Գառնիկ Առուստամյանը պատմում է՝ Հինշենի 15-ից մինչև 90 տարեկան տղամարդկանց ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումները հավաքեցին 91-ի մայիսին, մինչ այդ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, այդ թվում՝ Հինշենը անցել էին ինքնապաշտպանության՝ հին հայկական բնակավայրերը հայաթափելու ադրբեջանական ծրագիրը ձախողելու համար:

«Ես գլխավոր ցուցակների առաջատարներից էի, որ պիտի բռնեին, որպես Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի անդամ: Էդ ժամանակ Շուշի-Լաչին ճանապարհով թուրքը չէր կարողանում գնալ-գալ, նպատակն այն էր, որ Լաչինի ու Շուշիի արանքը մաքրեին, որ ազատ ելումուտ անեին ու հայաթափեին», - ասաց Առուստամյանը:

Ինքնապաշտպանության մարտիկներին սկզբում Շուշիի բերդ, ապա Բաքվի բանտ տարան: Մահապատժի հիմքում Բաքվի դատարանը բազմաթիվ հոդվածներ էր դրել, Առուստամյանն այդ շարքը չի էլ հիշում:

Բաքվի Բայիլովյան բանտն ամենադաժան բանտի համարումն ուներ, այնտեղ մահապատժի սպասողներն էին: Այն 10 տարի առաջ քանդվեց ու տեղում 70 մետրանոց ադրբեջանական դրոշը տեղադրվեց, որ պարբերաբար քամու բերանն է ընկնում ու պատռվում, այդ տարածքում նաև «Եվրատեսիլն» անցկացվեց:

Գառնիկ Առուստամյանը շատախոս-պերճախոսներից չի, մի քանի բառով է նկարագրում՝ գերության տարիներին իրենցի միայն հույսը փրկեց, որովհետև գիշերը երազում միշտ գյուղ էին վերադառնում. «Հույսով ապրել ենք, այդ հույսն է մեզ փրկել, հիմա արագ է թվում՝ էդ ոնց ենք էդքան դիմացել: Արագ չի անցել, պարզ է, ցերեկով ընդեղ ենք եղել, գիշերը երազում՝ մեր գյուղում»:

Պատերազմի ամենաթեժ փուլն էլ Գառնիկ Առուստամյանը հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես էին իրենց նկատմամբ կիրառվող բռնությունների չափից գլխի ընկնում՝ մերոնք շրջան են գրավել, թե մի փոքր գյուղ: Ադրբեջաներեն լավ գիտի, հիմա էլ այնտեղի լուրերին է հետևում ու իր անալիզն ունի:

«Պիտի թշնամուդ էլ լսես, տեսնես ինչ են ասում: Եսիմ, ասում ա՝ հաղթելու ենք, էս մի շրջանը վերցրել ենք: Լրիվ սուտ են: Էդ ինֆորմացիաները ընդեղ բերդում էլ էինք լսում՝ հայերի էսքան տանկ ենք խփել, էսքան մարդկային ուժ, ասել ենք երևի էլ մարդ չի մնացել, բայց երեք օրից հետո հայտնում էին, որ էս շրջանը չկա, որ ուժեղ էին ծեծում իմանում էինք, որ շրջան ա տվել, որ թեթև էին ծեծում՝ գյուղ էր», - պատմեց նա:

Հույսից բացի, Առուստամյանն ասում է, Բաքվի բանտում մի սպասում էլ ունին, որ հայերը կհասնեն բանտի մատույցներին էլ՝ «սպասել ենք, որ մերոնք պետք ա գան հասնեն մինչև Բաքու»: Բայց բանը սրան չի հասել՝ 96-ի մայիսի 8-ին ընկերոջ հետ բանտից դուրս է եկել: Մինչև այդ ընկերոջ եղբայրը հաջողացրել էր նրանց անունները գերիների փոխանակման ցուցակ մտցնել՝ այդ ժամանակների համար մեծ փողով՝ 40 հազար դոլարով:

Եկան ու պատերազմն արդեն ավարտվել էր, Հինշենն ինչպես միշտ մաքուր հայկական՝ պարսկական, թաթար-մոնղոլական, թուրքական ու ադրբեջանական բոլոր արշավանքները հետ մղած:

Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր գավառի Հինշեն գյուղը հազարամյակների պատմության մեջ միայն երկու տարի է եղել ոչ հայկական, երկու անգամն էլ այն ազատագրվել է. փոքր գյուղ է, միշտ է այդպիսին եղել:

«Էդքանն էլ ա մեզ հերիքում, դե հիմա փոքր գյուղ ա, մեր բնությունն էլ տեսնում եք՝ ինչ բնություն ունենք», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

61-ամյա Գառնիկ Առուստամյանն էլ գյուղից միայն 5 տարով է բացակայել՝ Բաքվում էր, հիմա ասում է նույնիսկ երկու օր Ստեփանակերտում էլ մնալ չի կարողանում: Կողքի ձորից անընդհատ պայթյունների ձայներ են, «ապահով ենք» ասում է նա՝ նշելով. «Մեր 18 տարեկան տղաների սխրանքն ո՞վ կարող է մոռանալ»: