Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1836-ով, բուժվածներինը՝ 485-ով, գրանցվել է մահվան ևս 20 դեպք

Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1836-ով՝ հասնելով 68 հազար 530-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 485-ով և հասել 49 հազար 219-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 340 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 357 հազար 104-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Նախարարությունը նշում է, որ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: «16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել», - ասված է հաղորդագրությունում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1121-ի, ևս 321 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 869 մարդ: