Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը կարևորել են կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը: Ռուսաստանի ղեկավարը իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման, ինչպես նաև բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Բացի այդ, Պուտինն ու Մակրոնը շեշտել են այս հարցում սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ: