Արցախի Մարտունի քաղաքում հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է մեկ քաղաքացի

Հրթիռակոծության հետևանքով փլուզված շինությունը Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Հրադադարի երկրորդ օրն է, սակայն խաղաղություն չի հաստատվում ոչ միայն առաջնագծում, այլև խաղաղ բնակավայրերում:

Արցախի Մարտունի քաղաքում հրադադարի պայմանավորվածությունից հետո էլ հրթիռակոծության ու հրետակոծության դեպքերը շարունակվել են, որի հետևանքով վիրավորվել է մեկ քաղաքացի, ստացել է բեկորային վնասվածք:

Մարտունիում բազմաթիվ են վայրերը, որտեղ տեսանելի են արկերի հետևանքները:

«Ոչ մի բան էլ չի թուլացել, ավելի ուժեղացել է: Խփում են գիշեր-ցերեկ», - ասաց քաղաքի բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է: