ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթավերջին կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարը այս շաբաթավերջին Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին, հաղորդում է Politico ամսագիրը՝ հղում անելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։

Ըստ հաղորդագրության, Մայք Փոմփեոն առաջիկա ուրբաթ նախ հանդիպելու է ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին, ապա՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։

«Առայժմ, սակայն, հստակ չէ՝ արդյոք նախատեսված է հանդիպում նաև եռաչափ ձևաչափով» - հաղորդում է Politico-ն, նշելով՝ Պետդեպարտամենտն առայժմ չի պատասխանել այս մասին իրենց գրավոր հարցին։

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, սակայն, հեղինակավոր պարբերականի հետ զրույցում այսօր չի բացառել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կարող են Վաշինգտոնում նաև դեմ առ դեմ հանդիպում անցկացնել։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն, իր հերթին, բարձր է գնահատել պետքարտուղարի վերջին հանդիմանությունները Թուրքիայի հասցեին՝ Ադրբեջանին աջակցելու և հակամարտությանը միջամտելու համար։ «Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, այն պետք է լուծվի փոխադարձ զիջումների վրա», - ասել է Հայաստանի դեսպանը։

Նշենք՝ ավելի վաղ Վարուժան Ներսեսյանը հաղորդել էր, որ ակնկալվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը ԱՄՆ: