Ադրբեջանը զոհված հայ զինծառայողների աճյուններ չի փոխանցել, հայտնում է հայկական կողմը

Ադրբեջանը զոհված հայ զինծառայողների դիակներ չի փոխանցել. Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանից «Ազատությանը» փոխանցեցին՝ իրենք որևէ նման գործողության մեջ չեն ներգրավվել, Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ՝ որ նման գործողություն դեռևս տեղի չի ունեցել։

Երեկ՝ երեկոյին մոտ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովը պաշտոնապես տեղեկացրեց՝ Բաքուն Կարմիր խաչի միջնորդությամբ պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել ադրբեջանական կողմում գտնվող զոհված հայ զինծառայողների մի մասի դիերը։ Ընդ որում, ըստ հաղորդագրության, Ադրբեջանը Կարմիր խաչին խնդրել էր հայկական կողմին տեղեկացնել, որ զոհերի մարմինները կփոխանցվեն նախապես համաձայնեցված միջանցքում՝ երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանի ուղղությամբ։

«Որևէ նման գործողության մեջ Կարմիր խաչը չի ներգրավվել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունի։

Իսկ Բաքվից հնչած առաջարկի շուրջ այս պահին ընթանո՞ւմ են քննարկումներ, Ամատունին ասաց՝ տեղեկությունը կոնֆիդենցիալ է։

«Մենք կարող ենք միայն հաստատել, որ մեր քննարկումները կողմերի հետ ընթացիկ են և շարունակական, չեն կանգնել, և մենք հորդորում ենք և տեսնում ենք անհրաժեշտությունն անհապաղ իրականացնել մարդասիրական գործողությունները: Հույս ունենք, որ կողմերը կուենան այս առումով առաջընթաց, որքան հնարավոր է արագ», - նշեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ:

Զառա Ամատունու խոսքով՝ Կարմիր խաչը որևէ մարդասիրական գործողության մեջ մինչ այս պահը չի ներգրավվել։

Այսօր պատերազմի 23-րդ օրն է, այդ ընթացքում մեկ շաբաթվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 10-ին ու 17-ին մարդասիրական հրադադարի երկու պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց կրակը այդպես էլ չդադարեց։

«Պայմանն այստեղ շատ հստակ է՝ զինադադարի պահպանումը կարևորագույն մարտահրավերն է, որը պետք է համաձայնեցվի և պահպանվի կողմերի կողմից, որպեսզի մեր կազմակերպությունը, մեր թիմերն այնտեղ առաջին իսկ րոպեից մինչև ավարտը գործողության կարողանան իրենց աշխատանքը, իրենց աջակցությունը տրամադրել», - ասաց նա:

«Ազատության» հարցին, թե քանի՞ ժամվա հրադադար է պետք, որ Կարմիր խաչն անցնի միջնորդական առաքելության, Զառա Ամատունին պատասխանեց. «Եթե խոսքը գնում է փոխանցման մասին զոհվածների աճյունների, դա կարող է լինել ավելի կարճ ժամանակահատվածում, եթե կողմերն ուզում են որոշակի թվով աճյուններ և այդ աճյունները պետք է մարդասիրական ստանդարտների համապատասխան և այլն, երկկողմանի փոխանցել, սա կարող է տևել մի քանի ժամից մեկ օր: Եթե խոսքը գնում է փնտրման և դուրսբերման աշխատանքներին նաև, վիրավորների դուրսբերման և այլն, այստեղ կարող ենք խոսել ավելի երկարաժամկետ գործողությունների մասին: Բայց ես կուզեի շեշտել, որ մենք այնտեղ ապահովելու ենք մեր ներկայությունը և մարդասիրական աջակցությունը, օրինակի համար, հետագայում եթե անհրաժեշտ լինի, նաև զոհվածների նույնականացման հարցում մասնագիտական աջակցություն: Սակայն ֆիզիկապես փոխանցումը և ֆիզիկապես աշխատանքները կապված այս գործողության հետ ակնկալվում է, որ տեղի է ունենալու կողմերի ուժերով»:

«Ինչո՞ւ է Ադրբեջանն առաջարկել միակողմանիորեն փոխանցել զոհված հայ զինծառայողների դիակները», - երեկ այս հարցը ՊՆ-ն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին էին տվել:

«Այս տեղեկությունը շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը և թքած ունեն սեփական կորուստների վրա», - պատասխանել է Հովհաննիսյանը: