Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։
Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։
Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է: