Գիշերը Ստեփանակերտում խաղաղ է եղել

Ստեփանակերտ, 13-ը հոկտեմբերի, 2020թ

Գիշերը և այս պահին էլ Ստեփանակերտում խաղաղ է, հրետակոծության և հրթիռակոծության դեպքեր չեն եղել։ Երեկ երեկոյան պայթյունի մի քանի ձայներ լսվեցին․ Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության համակարգն էր աշխատում, քանի որ երկնքում ադրբեջանական զինուժի անօդաչու թռչող սարքեր էին հայտնվել։ Այս պահին էլ Ստեփանակերտը շարունակում է խաղաղ մնալ։

Այսօր հրադադարի երկրորդ օրն է, երեկ օրվա վերջում պաշտոնապես հայտարարվեց, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հրետակոծություն չի իրականացրել, սակայն առաջնագծի երկու ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են, հրադադարի հասնել չի հաջողվել։

Մարդիկ շարունակում են մնալ ապաստարաններում, բազմաթիվ արցախցիներ «Ազատության» հետ զրույցում պնդում էին, որ վստահություն չունեն, հրադադարի այս երկրորդ պայմանավորվածության վերաբերյալ էլ, քանի որ կարծում են՝ ադրբեջանական կողմը խախտելու է հրադադարի պայմանները։

Քաղաքում նույն իրավիճակն է, ինչ պատերազմական այդ 20 օրերի ընթացքում։ Սննդի խնդիր ապաստարաններում չունեն, քանի որ բոլորին ամեն ինչ հասնում է՝ օգնություններ Հայաստանի, Արցախի կազմակերպություններից։

Ավերածությունները Ստեփանակերտում շատ մեծ են՝ բնակելի շենքեր, քաղաքացիական հաստատություններ, դրանք այնպիսի վիճակում են, որ վերականգնման մասին այս պահին խոսք լինել չի կարող, քանի որ պատերազմը չի դադարել, սակայն նշեմ, որ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայույթյունը շատ օպերատիվ է աշխատում հատկապես ականների վնասազերծման, հրթիռները տարածքներից հեռացնելու հետ կապված։ Հրթիռակոծությունից մեկ ժամ անց արդեն ծառայությունը տարածքից հեռացրած է լինում այն ամենն, ինչը կարող է վտանգ ստեղծել՝ չպայթած արկեր և այլն։ Այս առումով քաղաքն ամեն վայրկյան մաքրվում է։

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է: