Խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը` Հայաստանի տարածքում, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը

Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն առաջարկել էր ֆրանսիական կողմը, քիչ առաջ ասուլիսին նշեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` ադրբեջանական զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ հերթական հարձակման փորձն են կատարել, «ջախջախվել, ետ շպրտվել` որևէ նշանակալի առաջխաղացում չունենալով»:

Հովհաննիսյանն ասաց, որ մյուս հարձակումները ևս նման ավարտ են ունեցել: «Այլ ուղղությամբ շարունակվել են հարձակողական մարտերը: Համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում, բայց կանխավ ասեմ` ինչպես ի սկզբանե ներկայացրել եմ, այս պատերազմում, որ չափազանց ուժգին, սաստիկ կրակային խտություն ունի, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններ, բարձունքներ և այլն, դրանց առաջնորդվելով հաջողություններով ֆիքսեն ակնհայտ չէ», - ներկայացրեց նա:

Նշենք, որ այսօր ևս ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, թե գրավել է մի քանի շրջաններ: Բաքուն պնդում է, որ հայկական կողմն է խախտել զինադադարը:

Հովհաննիսյանի փոխանցմամբ` 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը` Հայաստանի Հանրապետության տարածքում: