Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է ԱԳՆ-ն:
Մնացականյանը տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, մեծաթիվ տեղահանվածների մասին:
Նախարարը Բորելի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի կողմից «իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:
ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:
Զոհրաբ Մնացականյանը խորը մտահոգություն է հայտնել միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն:
Զրուցակիցներն ընդգծել են կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը: