ԱՆ-ն ահազանգում է` մարտադաշտում առանց խնամքի մնացած դիակները կարող են դառնալ համաճարակի աղբյուր

Առողջապահության նախարարությունն ահազանգում է պատերազմի հետևանքով վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգի մասին: Ըստ ԱՆ-ի հաղորդագրության` լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով:

«Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացումը, նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները», - ասված է հայտարարության մեջ:

Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը, ըստ Առողջապահության նախարարության, նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում` հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:

Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար:

«Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով:

Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները», - հաղորդում է Հայաստանի առողջապահական գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական Երևանի՝ Բաքուն մերժել է Կարմիր Խաչի միջնորդությամբ վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու փորձը:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Չնայած սրան կողմերն արդեն հայտարարել են զինադադարի խախտումների մասին: