Ըստ պաշտոնական Երևանի՝ Բաքուն մերժել է Կարմիր Խաչի միջնորդությամբ վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու փորձը

Մարդասիրական զինադադար հաստատելու մասին երեկ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Չնայած սրան կողմերն արդեն հայտարարել են զինադադարի խախտումների մասին: