Հայաստանը շարունակելու է ձեռնարկել միջոցներ` պարտադրելու Ադրբեջանին կրակի դադարեցման ռեժիմ, շեշտում է ԱԳՆ-ն

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ, հայտարարում է Արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ-ն, ցիտելով Արցախի պաշտպանության բանակին, հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ:

«Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Չնայած սրան կողմերն արդեն հայտարարել են զինադադարի խախտումների մասին: