Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:
Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը», - նշել է Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: