Ադրբեջանական կողմը հրաժարվել է ներկայանալ Մոսկվայում հրադադարի պահպանման մեխանիզմների հարցի քննարկմանը

Ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնել Մոսկվա հայկական կողմի հետ քննարկելու հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը, «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ հանդիպումը նախաձեռնել էր ռուսական կողմը, և Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, այդուհանդերձ, ադրբեջանական կողմն այդպես էլ չի ներկայացել։

«Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվում է հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից և մերժում Ռուսաստանի նախաձեռնությունը», - «Ազատությանն» այսօր ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը։

Հայկական կողմի կարծիքով՝ հավանական է, որ Թուրքիան թույլ չի տվել ադրբեջանցի զինվորականներին մասնակցել Մոսկվայում նախատեսված հանդիպմանը։

Երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ տարվում են աշխատանքներ զինվորականների միջև հանդիպում կազմակերպելու համար։ Զախարովան նշել էր, որ հանդիպմանը պետք է քննարկվի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման հարցը:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: