Վրաստանը շարունակում է պնդել, որ իր օդային տարածքով սպառազինության տարանցում չի իրականացվում

Վրաստանի արտգործնախարարության շենքը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի արտգործնախարարությունը պնդում է, որ Թբիլիսին հավատարիմ է իր օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ փոխադրումներ թույլ չտալու խոստմանը։ Այս մասին նշված է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։

«Ցավոք սրտի, վերջին օրերին լրատվամիջոցներում շարունակում են Վրաստանի օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ մատակարարումների մասին շահարկումներ շրջանառվել։ Ինչպես հայտնի է, Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական նպատակներով իրականացվող թռիչքների համար, և այդ մասին մենք հրապարակավ հայտարարել ենք։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և մարդասիրական թռիչքներին, ապա այդ հարցում Վրաստանը ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները», - հայտարարում է Վրաստանի արտգործնախարարությունը՝ հավելելով, - «Նման տիպի թռիչքների իրականացումը հատուկ թույլտվությունների տրամադրում չի պահանջում»։

Երեկ երեկոյան մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով ռուսական ռազմա-դիվանագիտական շրջանակները, գրել էր, որ Թուրքիան Ադրբեջան սպառազինություն է մատակարարում Վրաստանի օդային տարածքով։ Թերթի տեղեկություններով` առաջիկա 10 օրերին նախատեսվում է ևս երեք նմանատիպ թռիչք իրականացնել։