Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նույն թուրքական արտադրանքի որակի և տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, ինչպես նաև արտադրվել Հայաստանում, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ թուրքական ապրանքներ ներկրելու փոխարեն ձեռնարկատերերը կգտնե՞ն այլ տարբերակներ, թե՞ կառավարությունը կօգնի:
«Հայաստանում արտադրություն կազմակերպելու մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ֆինանսական օժանդակության գործիքներ կառաջարկի՝ վարկերի սուբսիդավորման և նոր ներդրումների խրախուսման ձևաչափով: Այլընտանքային շուկաներից ներմուծումների մասով, վստահ եմ, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում կկազմակերպի նոր շուկաներում և նոր գործարար կապերի հաստատման միջոցառումներ: Ընդ որում, հավանական խնդիրների լուծումների վերաբերյալ մենք արդեն իսկ քննարկումներ ենք իրականացրել ԵԱՏՄ երկրների որոշ գործընկերների հետ», - արձագանքել է փոխվարչապետը: