Ադրբեջանը համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու առաջարկին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանը առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը։ Այս մասին El Mundo թերթում այսօր հրապարակված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե ուրիշ երկրի, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքում, և մենք գտնում ենք, որ տեղին չէ այդ զինվորականների տեղակայումը։ Ներկա պահին նրանք մեզ պետք չեն», - հայտարարել է նա։

Մոսկվան կարևոր էր համարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի դեպքում վերահսկման մեխանիզմներ հաստատելը, որը պետք է իրականացնեն ռուսաստանցի ռազմական դիտորդները։

Հոկտեմբերի 10-ից հումանիտար հրադարար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, այն, սակայն, մինչև հիմա չի իրագործվում։