Փոմփեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից

Ղարաբաղյան խնդրին այսօր կրկին անդրադարձել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նա, մասնավորապես, ասել է. - «Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է։ Այժմ թուրքերը միջամտում և միջոցներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկը և նպաստելով կրակային հզորացմանը պատմական այն մարտերում, որոնք ընթանում են 150 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքր տարածքի համար»:

Փոմփեոն շեշտել է, որ այս հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել բանակցությունների ու խաղաղ քննարկումների և ոչ ռազմական ճանապարհով, «առավել ևս՝ առանց երրորդ կողմի միջամտության, որը միայն կարող է յուղ լցնել կրակի վրա»։ «Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից, նրանք բոլորը կհասնեն իրական հրադադարի, կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով հասկանալ այդ իսկապես պատմական և բարդ խնդիրների շարքը», - շեշտել է Փոմփեոն: