ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ասել է, թե Ֆրանսիան հավաստիացրել է, որ չեզոքություն է պահպանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
«Նախագահ Մակրոնն ինձ մի քանի անգամ զանգահարել է։ Վերջին հեռախոսազրույցը շատ դրական էր: Մենք հավատարիմ ենք հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու գաղափարին: Ինձ հայտնել են, որ Ֆրանսիան, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, չեզոք է լինելու», - ասել է Ալիևը «Ֆրանս-24» հեռուստակայանին տված հարցազրույցում։
Ալիևի խոսքով՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը նույնպես ընգծել է Փարիզի չեզոքությունը:
«Մենք ընդունում ենք այդ դիրքորոշումը, քանզի բոլոր համանախագահող երկրները պետք է չեզոք մնան, դա սահմանված է նրանց մանդատով», - ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «բնական է, եթե կան դաշնակիցներ, բայց եթե որևէ երկիր ունի միջնորդի կարգավիճակ, ապա Հայաստանը և Ադրբեջանը նրանցից ակնկալում են չեզոքություն»: Ալիևն ասել է, թե տվյալ պահին այդ չեզոքությունն առկա է: