Իրավապաշտպանները հայտարարում են Ադրբեջանի տարածքում գտնվող երկու հայ գերիների մասին

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, արխիվ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։

«Ազատության» հետ զրույցում Զեյնալյանն ասաց, որ իրենց են դիմել զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի հարազատները. համացանցում տեսանյութ էր տարածվել, որով էլ կարողացել են նույնականացնել զինվորներին։

«Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի մասին է խոսքը, ովքեր որ գերին են ընկել, և համացանցում տարածվել էր տեսանյութ և հաղորդագրություններ նրանց գերեվարված լինելու վերաբերյալ: Մենք կարողացանք նույնականացնել անձանց, և ծնողները մեզ դիմեցին, ու նրանց անունից գանգատ ենք ներկայացրել, ոչ թե գանգատ, այլ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու պահանջով դիմում ենք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - նշեց իրավապաշտպանը:

Զեյնալյանն ասաց, որ Ստրասբուրգի դատարանն ընդունել է իրենց դիմումն ու մինչև հոկտեմբերի 22-ը ժամանակ տվել Ադրբեջանին՝ տեղեկություններ ներկայացնելու այն մասին, թե ինչ պայմաններում են պահվում գերեվարված երկու զինծառայողները, ինչ առողջական խնդիրներ ունեն նրանք, ինչպես նաև տեղեկություններ տալու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

«Գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման, զոհվածների աճյունների դուրսբերման մասին զինադադարի համաձայնությանը համապատասխան և Միջազգային Կարմիր Խաչի հովանու ներքո վերադարձնել Հայաստանին գերիներին: Հաջորդը՝ մինչև վերադարձնելը ձեռնարկել բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց կյանքը, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը՝ մենք այդ տեսանյութերում արձանագրել էինք, որ դա ապահովված չի: Երրորդ՝ ապահովել պատշաճ բժշկական օգնություն: Եվ չորրորդ՝ զինծառայողներին տեղյակ պահել Եվրոպական դատարանում այդ վարույթի մասին, և եթե դատարանը որոշում կայացնի՝ հնարավոր այդ որոշման վերաբերյալ. սա ևս կարևոր պաշտպանության միջոց ենք համարում, որպեսզի անձինք հուսալքության մեջ չլինեն, իմանան, որ նրանցով հետաքրքրվողներ կան, և որ Եվրոպական դատարանում պրոցես կա իրենց իրավունքների պաշտպանության հայցով», - մանրամասնեց Արտակ Զեյլանյանը: