Մարտունու բնակիչները Reuters լրատվական գործակալության թղթակիցներին սարսափելի տեղեկություններ են պատմում ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրի ռմբահարումների մասին:
Մարտունին արդեն տևական ժամանակ է ադրբեջանցիների թիրախը:
«Ճաշում էինք, բեկորն այստեղ եկավ, գնդակն էլ պատը խոցեց, Աստված փրկեց մեզ: Չգիտեմ, թե սա ինչ էր, պայթյունը շատ հզոր էր: Հետո ևս մի քանի պայթյուն որոտաց», - ասել է Ռազմիկ Բաղիրյանը:
Մարտունու բնակիչներից Գարիկն էլ պատմել է, որ ամբողջովին ավերված տան փլատակները էքսկավատորով են մաքրել:
Reuters-ի նկարահանող թիմի անդամներն ասում են, որ ռմբահարման ականատեսն են եղել:
Մյուս թիմն էլ ադրբեջանական տարածքից՝ Թարթառի շրջանից է հայտնում, որ այդ ավանի կենտրոնը հարվածի է ենթարկվել:
Օրեր առաջ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը գործնականում ուժի մեջ չէ:
«Ադրբեջանցիներն են, չգիտեմ՝ դա ավիացիոն ռումբ էր, կասետային էր, չգիտեմ, թե դա ինչ էր, բայց շատ ուժեղ էր պայթյունը, էքսկավատորով են ծերունու մարմինը դուրս հանել», - ասել է Գարիկը:
Իսկ Մարիանան հավատում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ի զորու է դադարեցնել պատերազմը: Նա ասում է, որ եթե այսպես շարունակվի, կսկսվի մահմեդականների և քրիստոնյաների պատերազմ:
«Մենք երազում ենք, որ մեր երեխաներն ու թոռները խաղաղության մեջ ապրեն, խաղաղություն լինի, այլ ոչ թե այսպես: Սա արդեն երրորդ պատերազմն է, շատ վախենալու է, թեպետ սա պատերազմ էլ չէ՝ ահաբեկչություն է: Երանի սա ավարտվի», - նշել է Մարիանան:
Մարտունու և ամբողջ Արցախի հայության երազանքն է, որ այս արյունալի պատերազմը վերջապես ավարտվի: