Պետքարտուղար Փոմփեոն Ղարաբաղում տիրող կացությունը քննարկել է Թրամփի հետ

Պետքարտուղար Մայք Փոմփեոն քիչ առաջ Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները ամերիկյան իշխանութունների ուշադրության կենտրոնում են։

«Ես այս թեմայի շուրջ նախագահ Թրամփի հետ այսօր առավոտյան կարճատև զրույց եմ ունեցել: Մենք հետևում ենք այնտեղ ծավալվող իրադարձություններին։ Մենք միանում ենք մեր եվրոպացի գործընկերներին և աշխարհի բազմաթիվ պետություններին, որոնք ասում են, որ պետք է հրադադար հաստատվի և պետք է մեկնարկի խնդրի լուծումը», - հայտարարել է Փոմփեոն՝ հավելելով․ - «Մենք տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, մենք տեսնում ենք նաև, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային դերակատարներին հեռու մնալ այդ տարածաշրջանից՝ չխորացնելով խնդիրները։ Աշխատում ենք այդ ուղղությամբ օգտագործելով մեր դիվանագիտական գործիքակազմը, որպեսզի կարողանանք հասնել հրադադարի և խնդրի այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Մենք կենտրոնացած ենք այս խնդրի վրա, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ամենին և անկեղծորեն ասած մենք արդեն իսկ որոշ քայլերի դիմել ենք, որոնք մեծացնում են իմ կողմից հիշատակված նպատակներին հասնելու հավանականությունը», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։