Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ուժի մեջ է թողել ամիսներ առաջ ընդունած իր վճիռն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի, որով Ստրասբուրգի դատարանը եզրահանգել էր, որ Ադրբեջանը խախտել է իր զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքն ու դրսևորել է խտրականություն։
Այս վճիռը Ադրբեջանը բողոքարկել էր Մեծ պալատ վերանայման։ Սակայն ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժեց այն՝ ուժի մեջ թողնելով վճիռը, «Ազատության» հետ զրույցում ասաց 16 տարի առաջ Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից սպանված Մարգարյանի և մյուս սպայի փաստաբան Սիրանույշ Սահակյանը։
Փաստաբանը պարզաբանում է, որ մեծ պալատի որոշումը նշանակում է՝ վճիռը վերջնական է և չի կարող բեկանվել։
Հայ սպաները 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին էին մասնակցում։ Գիշերը քնած ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին, ինչպես նաև փորձել էր սպանել դասընթացներին մասնակցող հայ զինվորական Հայկ Մուկուչյանին։
Ստրասբուրգի դատարանն անցած մայիսին որոշել էր, որ Ադրբեջանը դիմումատուներին պետք է 15 հազար 143 բրիտանական ֆունտ ստեռլինգ վճարի դատական ծախսերի համար։ Սիրանույշ Սահակյանն ասաց՝ այս գումարը Ադրբեջանը պետք է վճարի օտարերկրյա փաստաբանին և գումարի փոխանցումն ավելի հեշտ կկատարի, քան մյուս պահանջները։
Փաստաբանը նշում է, որ կատարելով վճիռը՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատժի տարիներ առաջ այս արարքի համար հերոսի կոչում ստացած Սաֆարովին։ Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի գնա այս քայլին, կասկածում է Սահակյանը։ Այս դեպքում վճիռը չկատարելու Ադրբեջանի հարցը կքննարկվի Նախարարների կոմիտեում՝ քննարկելով տարատեսակ պատժամիջոցներ կիրառել այս երկրի նկատմամբ։