Պատերազմի թեժ կետերում են նաև  բազմաթիվ արվեստագետներ

Ինչպես 90-ականերին բռնկված արցախյան պատերազմի ժամանակ,այնպես էլ հիմա պատերազմի թեժ կետերում են նաև բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում նաև կինոարվեստի ոլորտից: Այս մասին է փաստում երիտասարդ կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր Արարատ Գրիգորյանը: Ի դեպ, նա սեպտեմբերի 21-ին արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին՝ «Ընդհատակում» խորագրով վավերագրական ֆիլմի համար: Նախագահի մրցանակի ներկայացված ավելի քան 80 ֆիլմերից հենց այս ֆիլմն էր մրցանակի արժանացել:

Այսօր «Ազատության» հետ զրույցում երիտասարդ կինոռեժիսորն ընդգծում էր, որ այս օրերին, անկախ մասնագիտությունից, ամեն ոք յուրովի կատարում է իր պարտքը՝ փորձելով ինչ-որ չափով օգտակար լինել հաղթանակի հասնելու համար:

Գրիգորյան․ - Սա համընդհանուր մեր հայ ազգի ցավն է, մասնագիտական շերտերին չի առանձնացնում, կլինեն, օրինակ, բժիշկներ, կլինեն կինոգործիչներ, ոչ մի ոլորտ դա չի հարցնում, որովհետև պատերազմը համամարդկային չարիք է։ Հիմա իմ ոլորտի մասին մտածելու, ֆիլմով պատերազմին անդրադառնալու մասին․․․ դեռևս չկա էդ տեսակ ինչ-որ նախաձեռնություն, որովհետև պատերազմի ժամանակ դու մտածում ես ինչ-որ կերպ օգնել, ինչ-որ օգնությունների մասնակցես՝ կլինի գումարով, կլինի ֆիզիկապես։

«Ազատություն»․ - Ինչ-որ ծրագրերում եք երևի ներգրավված։

Գրիգորյան․ - Ես ներգրավված եմ մի քանի ծրագրերում, որովհետև իմ ընկերներից շատերը հիմա սահմանին են, ու ես և՛ իրենց հետ եմ մի շարք օգնություններ ուղարկել, և՛ հիմա եմ շարունակում։

«Ազատություն»․ - Այս օրերին ի՞նչ տրամադրություններ կան կինոգործիչների, երիտասարդ կինոգործիչների շրջանում , ի՞նչ են անում։

Գրիգորյան․ - Երևի թե կարող եմ ասել, որ նույնն են անում։ Ինչքան էլ որ կոնկրետ դոկումենտալիստ լինի տվյալ մարդը, ինքը իր ստացավությունը չի արտահայտի ֆիլմով, որովհետև «Զինուժն» է նկարում էդ ամեն ինչը, խրոնիկաները կարծես թե շատ են։ Որ ռեժիսորը հիմա գնա էնտեղ կինո նկարի, չի նպաստելու։ Բոլորն են փորձում են ինչ-որ չափ օգնել։ Օրինակ, ես գիտեմ, որ մեր շրջանում հայտնի շատ ռեժիսորներ հիմա արդեն գնացել են։ Անուններ չտամ, բայց կան իմ ծանոթների շրջապատում, որ իրենք հենց առաջին գիծ են գնացել։ Բոլորը սրտացավ են, բոլորը ուզում են օգնել։ Սա մեր երկրի համար ամենավճռորոշ պահերից մեկն է։

«Ազատություն»․ - Ինչպիսի՞ն եք տեսնում այս պատերազմի ավարտը։

Գրիգորյան․ - Սա պետք է լինի վերջնականը։ Եվ իհարկե՝ մեր հաղթանակով։