Հայաստանի պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:
Մասնավորապես, ըստ ՊԲ-ի, Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր Ադրբեջանը կիրառել է նաև ռազմական ավիացիա:
«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվության կենտրոնը հաղորդեց, ադրբեջանական կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն։ Ըստ այդմ խոցվել է ևս 3 աթս, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ
Պաշտոնական Բաքուն իր ռազմական կորուստները, այդ թվում՝ մահացած զինծառայողների անուններ կամ թիվ չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա այս պահին «ռազմական գաղտնիք է»։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։