Բայդենը քննադատում է Թրամփին Ղարաբաղի հարցում

ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփ և նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ

Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար։

«Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի փլուզումով և Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքում մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետները և հեռահար հրետանին խլում են հարյուրավոր կյանքեր շփման գծի երկու կողմերում և տեղահանում հազարավոր խաղաղ բնակիչների», - ասված է Բայդենի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:

«Անհասկանալիորեն, Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ է և կտրված լարվածության աճի այս վերջին շրջանի ողջ ընթացքում», - շեշտում է ԱՄՆ նախկին փոխնախագահն իր հայտարարությունում: - «Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն, վարչակազմը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա՝ ամենաբարձր մակարդակներում, աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ՝ մարտերը թուլացնելու և երկու կողմերին բանակցություններին վերադարձնելու համար»:

«Դիվանագիտական լուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ՝ կանխելու նոր մարդկային կորուստները և հակամարտության ընդլայնումը», - հայտարարում է Ջոզեֆ Բայդենը:
Անցած շաբաթավերջին Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում:
Մանրամասները տե՛ս այստեղ