Գիշերը Ստեփանակերտում խաղաղ է եղել, քաղաքը չի հրթիռակոծվել։ Ուշ երեկոյան լսելի էին պայթյունի ձայներ, սակայն պարզ չէ դա հայկական կողմի Հակաօդային պաշտպանության համակարգն էր աշխատում, թե մերձակա շրջաններն էին հրետակոծվում։
Նշենք, որ հրադադարի չորրորդ օրն է, սակայն առաջնագծում հրետանային մարտերը շարունակվում են։
Երեկ Շուշիի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ արդեն երկու օր է քաղաքը հրետակոծության չի ենթարկվել, սակայն իրենք ապաստարաններից դուրս չեն գալիս, որովհետև չեն վստահում դադարին և շարունակում են մնալ քիչ թե շատ ապահով նկուղներում։
5 հազար բնակիչ ունեցող Շուշիում քաղաքապետարանը կազմակերպել է այն կանանց և երեխաների տարհանումն, ովքեր ցանկություն են հայտնել դուրս գալ քաղաքից, որովհետև այնտեղ մի քանի օր առաջ ակտիվ հրետակոծություն է եղել։
Ստեփանակերտում վերջին օրերին կարելի է մայթերին հանդիպել անցորդների, որոնք գնում են ճշտելու, թե արդյո՞ք իրենց աշխատավայրը բացվել է, կարո՞ղ են անցնել իրենց առօրյա գործին, բայց նրանց թիվը մեծ չէ։ Փակ են բոլոր խանութները, ողջ քաղաքում մեկ կամ երկու խանութ է աշխատում, որտեղ մթերքը չի թարմացվում։ Ոչ ապաստարաններում գտնվողների համար հացի շատ լուրջ խնդիր կա, իսկ ապաստարաններում գտնվողներն այդ խնդիրը չունեն, որովհետև կամավորական խմբեր են աշխատում, բարեգործական սնունդ է հասնում։
Քաղաքում կարծես միայն մեկ փուռ է աշխատում և հացը որոշակի ժամերի, որոշակի քանակով և հերթագրումով են բաժանում աշխատանքի բերումով Ստեփանակերտում գտնվողներին։ Երբ խոսվում է մարդասիրական ճգնաժամի մասին, այս ամենը դրա կոնտեքստում է։ Մարդիկ, կարելի է ասել, միայն բարեգործական սննդամթերքի հույսին են, որովհետև վաճառակետերը, շուկան, հացի արտադրամասերը չեն աշխատում․ հացի խնդիրն առաջացել է հենց այն պատճառով, որ հացթուխները՝ կանայք հեռացել են քաղաքից՝ ավելի ապահով վայրեր են տեղափոխվել։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։