«Միջազգային ասպարեզում անբարոյական հաշվարկներն իրենց կարևոր տեղն ունեն»

Իսրայելյան արտադրության Harop տեսակի ԱԹՍ, արխիվ:

Իսրայելի Գերագույն դատարանը պաշտպանեց զենքի վաճառքն Ադրբեջանին

Անօդաչու հետախուզական կամ գրոհային թռչող սարքերը 21-րդ դարի ռազմական բախումների խորհրդանշաններից են, ճշգրիտ են, դիպուկ են և կարող են որակական տարբերություն ապահովել: Լեռնային Ղարաբաղի վրա գրոհների ընթացքում Ադրբեջանը կիրառում է իսրայելյան արտադրության ԱԹՍ-ներ:

Դրանք արտադրող երկրում մեծ թվով մարդիկ, ընդ որում ոչ միայն հայերը, այլև հրեա քաղաքական գործիչներ, մտավորականներ, հանրային հեղինակություն վայելողներ, խստորեն դատապարտում են դրոնների վաճառքն Ադրբեջանին: Հարցը հաճախ հնչում է շատ զգացական երանգով՝ մի՞թե ցեղասպանություն տեսած մարդիկ կարող են հանուն նյութական շահի մահացու վտանգի ենթարկել ցեղասպանություն վերապրած մեկ ուրիշ ժողովրդի:

«Լև Յեհուդի»՝ թարգմանաբար «Հրեից սիրտ» կազմակերպությունը հայցով դիմել էր Իսրայելի Գերագույն դատարան, պահանջելով անհապաղ արգելել զենքի վաճառքն Ադրբեջանին: «Հրեից սիրտ»-ը հայցում նշել էր, որ Ադրբեջանը վերածվում է Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից ժամանող ահաբեկիչների ճամբարի, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը հայ բնակչության ցեղասպանություն է ծրագրում, իսկ Իսրայելն անուղղակիորեն նպաստում է դրան:

Սակայն Իսրայելի Գերագույն դատարանը երեկ մերժել է հայցը՝ սահմանելով, թե «Հրեից սիրտ» կազմակերպության հայցում չկան բավարար ապացույցներ առ այն, որ Ադրբեջանն իսրայելական զենքով հայերի դեմ պատերազմի հանցագործություններ է կատարում:

Հայցը ներկայացրել է իրավապաշտպան ակտիվիստ Էլի Ջոզեֆը: Նա հայցում գրել է, թե Ադրբեջանի ներմուծած զենքի 60 տոկոսը գալիս է Իսրայելից՝ ընդգծելով, որ կոնֆլիկտի բռնկումից օրեր առաջ գրանցվել են օդային ճանապարհով ակտիվ բեռնափոխադրումներ Իսրայելից Ադրբեջան: Գերագույն դատարանը հայցը մերժել է, սակայն իրավապաշտպան-փաստաբան Իտայ Մասկի փոխանցմամբ, հետագայում հնարավոր է լրացնել փաստարկները և նորից դիմել դատարան:

Մասկը նաև ներկայացրել է Amnesty International-ի զեկույցն այն մասին, որ իսրայելյան անօդաչուների հարվածներից հայեր են սպանվել: Այնուամենայնիվ դատավոր Յոսեֆ Էլրոնը վճռել է, թե Էլի Ջոզեֆի հայցում տեղ գտած պնդումները չեն ապացուցում, որ իսրայելյան զենքը պատերազմի հանցագործության նպատակով կիրառվել է հայերի դեմ, առավելագույնը, ըստ դատավորի, դա կարող է վկայել այն մասին, որ Իսրայելը տրամադրել է պաշտպանական զենք, որը հիմա գտնվում է ադրբեջանական զինուժի պահեստներում:

Հայերը բողոքում են, բայց կորոնավիրուսը թույլ չի տալիս հավաքներ անցկացնել

Իսրայելում կորոնավիրուսի կապակցությամբ սահմանվել է կարանտին, որը գործնականում անհնարին է դարձնում բողոքի ակցիաները, սակայն հայությունը հայտարարություններ է տարածել և պահանջել է դադարեցնել զենքի փոխանցումն Ադրբեջանին: Երուսաղեմի հայ պատրիարք Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Պաշտպանության նախարար Բեննի Գանցին, Քնեսեթի (Իսրայելի խորհրդարանի) խոսնակ Յարիվ Լևինին և ԱԳ նախարար Գաբնի Աշքենազիին:

Իրավապաշտպան Իտայ Մասկն ասել է, որ եթե նույնիսկ չկան այդ զենքը հայերի դեմ գործադրելու ուղիղ ապացույցներ, Գերագույն դատարան պետք է դիմել՝ հաշվի առնելով հայտնի փաստերը՝ 2015 թվականին Ադրբեջանի բանակի զորահանդեսի ընթացքում բոլորը տեսել են իսրայելյան արտադրության անօչադուչեր (և՛ պաշտպանական, և՛ գրոհային), ադրբեջանցի զինվորները շարքով անցել են՝ ձեռքերում պահելով «Տավոր» մակնիշի իսրայելյան ինքնագիձներ:

2016-ին նախագահ Իլհամ Ալիևն այցելել է ռազմական գործարան, որն արտադրում է իսրայելյան «կամիկաձե» անօդաչուներ: Ալիևը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համաձայնեցրել է 5 միլիարդ դոլարի զինատեսակներ գնելու պայմանագիրը:

Ե՛վ նալին, և՛ մեխին...

Ինչո՞ւ է Իսրայելը վաճառում այդ զենքը, եթե ակնհայտ է, որ առնվազն բարոյականության առումով դա անընդունելի է: Վերլուծաբանների համոզմամբ, խոսքը ոչ միայն ադրբեջանական նավթի մասին է: Իսրայելն ազդեցություն ունի Ադրբեջանում, և այդ երկրի տարածքը որոշակի հանգամանքներում կարող է օգտագործել որպես ոխերիմ թշնամի Իրանի վրա ռազմական գործողություններ նախաձեռնելու հարթակ, իսկ դա պահանջում է Ալիևի ռեժիմի հետ ջերմ հարաբերություններ:

Գործելով «և՛ նալին, և՛ մեխին» սկզբունքով, Իսրայելում հայտարարել են, թե ողջունում են հայ-ադրբեջանական հրադադարը և կոչ են անում բանակցել: Այդ մասին երեկ ասել է Իսրայելի արտաքին գործոց նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ալոն Ուշպիցը, ով միաժամանակ հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանին իսրայելյան զենքի վաճառքի թեման:

«Ղարաբաղի հայությունը հպարտ ժողովուրդ է, որը պայքարում է արդար նպատակի համար, բայց...»

Նյու Յորքում անգլերեն հրատարակվող «Forward» հրեական օրաթերթում լույս է տեսել մեկնաբան Աբե Զիլբերշտայնի հոդվածը: Հեղինակը գրում է, թե Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը զգացական սիմվոլիզմի և արտաքին ասպարեզում իրապաշտ քաղաքականության առճակատում է: Որքան էլ պատմական զուգահեռների առումով հրեաների համար ըմբռնելի է հայերի պայքարը, Միացյալ Նահանգները և Իսրայելը չեն կարող էապես օգնել՝ դրա համար դիվանագիտական գին չվճարելով:

Օգնությունը հայերին կնշանակի կապերի վատթարացում «ռազմավարական տեսակետից ավելի արժեքավոր դաշնակից Ադրբեջանի հետ»: Ինքնորոշման համար Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարն արդար է, բայց Ադրբեջանի դիքերը միջազգային իրավունքի առումով ավելի ամուր է:

«Սա չի նշանակում, թե կարելի է խրախուսել Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը, ընդհակառակը, պետք է դադարեցնել կրակը և շարունակել Մինսկի գործընթացը: Իսրայելը չունի հստակ դիրքորոշում Ղարաբաղի հարցում, բայց միջազգային այլ ուժեր կարող են այդպես չմտածել՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը սպառազենի ոլորտում», - նշում է մեկնաբանը:

Զիլբերշտայնի համոզմամբ, Ադրբեջանը կարևոր դեր ունի Միացյալ Նահանգների և Իսրայելի արտաքին քաղաքականությունում: «Դժոխքի միջով անցած և հառնած Հայաստանը համեմատաբար ավելի ազատ է և դեմոկրատական, քան Ադրբեջանը, և հենց դա է՛լ ավելի է ցցուն դարձնում ընտրության բարդությունը:

Ադրբեջանի ռազմավարական տեղակայումը Եվրոպայի և Ասիայի միջև և տարիների աջակցությունն ԱՄՆ-ին ուրանալ չի լինի: Իսրայելի համար Իրանը դեռ երկար տարիներ կլինի մեծ սպառնալիք, իսկ Ադրբեջանն այդ առումով Իսրայելին կարող է տալ ավելին, քան Հայաստսնը:

«Պաշարված Լեռնային Ղարաբաղի հայությունը հպարտ ժողովուրդ է, որը պայքարում է արդար նպատակի համար, սակայն միջազգային ասպարեզում անբարոյական հաշվարկներն իրենց կարևոր տեղն ունեն, ուստի ազատ աշխարհի լիդեր Ամերիկան և ցեղասպանություն վերապրած Իսրայելը շատ բան չեն կարող անել Ղարաբաղի հայերին օգնելու համար», - պնդում է մեկնաբան Աբե Զիլբերշտայնը: