Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե Գրոզնիում հատուկ գործողության հետևանքով սպանվել են Սիրիայից եկած չորս ահաբեկիչներ։
«Ողջ այս ընթացքում նրանք փախուստի մեջ էին և թաքնվում էին Սիրիայում, ինչպես նաև այլ տարածքներում։ Հիմա, սակայն, արևմուտքից պատվեր էին ստացել և վերադարձել Չեչնիա՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», - Telegram -ում գրել է Կադիրովը։ Թե հատկապես, ո՞ր երկրից է եղել պատվերը, վերջինս չի հստակեցրել։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հաղորդել էր, թե տեղեկություններ ունի Սիրիայից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված ահաբեկիչների մասին։
«Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր հավաքատեղի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջան և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ՝ Ռուսաստան», - մեկ շաբաթ առաջ հայտարարել էր Ռուսաստանի արտաքին հետախուզուական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։