Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի փոխանցմամբ, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով:
Ըստ Պողոսյանի, հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
«Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները», - Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խոսնակը:
Պողոսյանը՝ վկայակոչելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նաև տեղեկացրել է, որ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան,Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։
«Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան», - նշել է Արցախի նախագահի խոսնակը։
Ադրբեջանական կողմն, իր հերթին, հաղորդում է հայկական զինված ուժերի կողմից իր բնակավայրերի հրետակոծության մասին, մասնավորապես՝ Թարթառի և Աղջաբեդիի շրջաններում, ինչը հայկական կողմը կտրականապես հերքում է: