Գիշերը Ստեփանակերտում հարաբերական անդորր էր։ Ողջ գիշերվա ընթացքում լսվել են միայն խուլ պայթյունի ձայներ, ինչը ենթադրում է, որ լսելի էին սահմանի երկայնքով ընթացքող մարտերի ձայները, որոնք բավականին ինտենսիվ էին։
Ստեփանակերտում ուշ երեկոյան մի քանի անգամ լսվել է օդային տագնապի ձայնը, դա էլ իր հերթին ենթադրում է, որ երկնքում անօդաչու թռչող սարք է աշխատել, լսելի էր նաև հայկական Հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքը, սակայան ազդանշանին պայթյունի ձայներ, հրթիռակոծություն չի հաջորդել։
Նշենք, որ հումանիտար հրադադարի երրորդ գիշերն է, սակայն արդեն երկու գիշեր է, ինչ հարաբերական անդորր է Ստեփանակերտում։ Հրադադարի առաջին գիշերը բավականին ուժեղ հրթիռակոծության ենթարկվեցին Ստեփանակերտն ու հարակից քաղաքները, և հենց այդ գործողությունների արդյունքում քաղաքացիական հինգ զոհ եղավ։
Այս պահին էլ պայթյունի ձայներ են լսվում՝ բավականին խուլ, ինչը ենթադրում է, որ սահմանի երկայնքով է։ Դրանք ինտենսիվորեն շարունակվել են ողջ գիշեր, երեկ երեկոյան, այսօր առավոտյան։
Թեև հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն կա, սակայն Ստեփանակերտի փողոցները մարդաշատ չեն։ Մարդիկ նշում են, որ չեն ուզում դուրս գալ ապաստարաններից, որովհետև վստահություն չունեն, որ ադրբեջանական կողմը կպահի հրադադարի մասին պայմանավորվածությունը։
«Ազատության» հետ զրույցում Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը նշեց, որ վերջին օրերին հանրապետության բնակչության ավելի քան կեսը ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։
Բեգլարյանը խոսեց նաև այն պայմանավորվածության մասին, որը պետք է ի կատար ածվեր հրադադարի հաստատումից հետո՝ զոհվածների մարմինների փոխանակման և գերիների հետ կապված․ - «Ես պարբերաբար կապի մեջ եմ նաև Կարմիր խաչի ղեկավարության հետ, արտգործնախարարության հետ։ Տեղյակ եմ, որ որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարվում են։ Ամեն դեպքում խնդիրը առկա է և պետք է լուծվի, բայց այս պայմաններում, քանի դեռ հրադադարը չի պահպանվում, հնարավոր չէ ռեալ գործողություններ կատարել։ Սա նաև Կարմիր խաչի դիրքորոշումն է։ Այդ պատճառով պարտադիր է հրադադարի ռեժիմը պահպանել, որպեսզի հնարավոր լինի արդեն կոնկրետ գործողությունների անցնել, նաև պայմանավորվածություններ ունենալ ադրբեջանական կողմի հետ»։
Հարցին, թե արդյոք կան դիմումներ քաղաքացինեից, որոնք տեղեկություն չունեն իրենց հարազատներից, նախապատրաստված ցուցակներ, Բեգլարյանն արձագանքեց․ - «Հանձնաժողովի առումով տեղյակ չեմ։ Մենք մեր մասով որոշակի վերլուծություն կատարում ենք, որոշակի ցանկեր ունենք զոհերի, վիրավորների։ Իհարկե այնտեղ նաև հստակեցման կարիք կա հնարավոր անհայտ կորածների, բայց դա արդեն հանձնաժողովի դաշտում է։ Իրենք հավանաբար աշխատում են և կարծում եմ, որ կունենան այդ ցուցակները։ Սակայն այս պահին մենք այդ փուլին չենք հասել, որ ցուցակները ներդաշնակեցնենք և հասկանանք, թե որտեղ ինչ կա»։
Արցախի մարդու իրավունքներն ասաց, որ հրադադարի հաստատելու մասին պայմանավորվածությունից (հոկտեմբերի 11-ից հետո) հետո քաղաքացիական անձանց շրջանում զոհերի՝ ավելի վաղ իր հայտարարած թիվը (հինգ մարդ) վերջնական չէ․ - «Ցավոք սրտի։ Քանի որ նախնական տվյալներ ունենք, որ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո հինգից ավելի զոհ ենք ունեցել։ Հատկապես Հադրութում մենք հայտարարել ենք, որ չորս զոհի մասին ենք տեղյակ, բայց նախնական տեղեկություններ ունենք, որ քաղաքացիական զոհերը կարող են ավելին լինել Հադրութում։ Մեկը Մարտունիում է՝ այդ գիշերվա (հոկտեմբերի լույս 11-ի գիշերվա) հրետակոծության հետևանքով։ Այս պահի դրությամբ այդքանն է ճշգրտված։ Երբ ավելի բարենպաստ պայմաններ լինեն, որպեսզի մենք կարողանանք աշխատել և տվյալներ հավաքագրել, և երբ ճշգրտված տեղեկություններ ունենանք, արդեն կհրապարակենք»։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։