Դարեր շարունակ այս օրերին հայ ժողովուրդը նշել է Հայ առաքելական եկեղեցու սահմանած Սրբոց Թարգմանչած տոնը, որը վերջին տասնամյակներում նաև ժամանակակից թարգմանիչների գործի արժեվորման ու գնահատման առիթ է հանդիսանում:
Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ Գրողների միությունը Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մոտ «Կանթեղ» թարգմանչական մրցանակն է հանձնում է տարվա լավագույն, վաստակաշատ թարգմանիչներին:
Այս տարի ևս, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք թարգմանիչներ արժանացել են այդ մրցանակին։
Նրա խոսքով, դեռ 1600 տարի առաջ սկիզբ առած թարգմանչական շարժումը հայ ժողովրդին պարգևեց քաղաքակրթական նոր զարգացում և աշխարհայացք․ - «Մենք չպետք է դա մոռանանք հատկապես այսօր։ Այս տարի Գուրգեն Բարենցը, որ հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն է թարգմանում, Գևորգ Խաչատրյանը՝ պարսկերենից հայերեն, Շուշանիկ Թամրազյանը՝ ֆրանսերենից հայերեն, Կառա Չոբանյանը՝ իսպաներենից հայերեն, և Անահիտ Թոփչյանը՝ հայերենից ռուսերեն, ֆրանսերեն։ Մրցանակակիրներից երկուսը արտասահմանում էին, չէին կարող մասնակցել․ բայց մարդիկ ցանկություն ունեցան մրցանակների գումարը փոխանցել մեր Պաշտպանության նախարարության համար հանգանակվող ֆոնդին։ Մենք մտածում էինք՝ այդ տոնը նշվի՞, թե՞ չէ, սակայն եկեղեցին դա նշում էր, և մենք իհարկե պարտավոր էինք նշել։ Որովհետև Հայաստանը, վարչապետը հայտարարել է, որ սա քաղաքակրթական պատերազմ է։ Այո՛, քաղաքակրթությունը մի կողմում՝ մշակույթ հազարավոր տարիների, ճարտարապետություն, գրականություն, թարգմանություն և արվեստի այլ ճյուղեր, և մյուս կողմում գիշատչական հարձակում այդ ամենը ավերելու համար․․․ Դա միայն տարածքի խնդիր չի, որ իրանք իբր ասում են մերն է։ Նրանք ոչնչացնում են։ Ինչպես Ղազանչեցոց եկեղեցու վրա գցած հրթիռները, ինչպես Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը․․․ Գիշատչական հոգի, ահաբեկչական հոգի․․․ Հենց էս մտորումներով մենք օրը նշեցինք, և հայտարարեցինք՝ այո՛, մենք թարգմանությամբ, մշակույթով, ամենաբարձրարժեք երևույթն եմ ես համարում ազգերի միջև մշակութային այդ ճանաչողությունը, տարածելը։ Այսպես պիտի մենք բացվենք աշխարհին։ Եվ նաև՝ մեր պայքարի ոգով։ Տա Աստված, ամբողջ աշխարհի հայությունը միավորվի՝ ի սպաս Արցախյան հարցի ճշմարիտ լուծման»։