Ըստ Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի, հրադադարի հարցում Թուրքիայի տեսակետը լիովին սխալ է

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորն, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հրադադարի հարցում Թուրքիայի տեսակետը լիովին սխալ է, այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։

«Թուրքիան մինչ օրս հրադադարի կոչ չի հնչեցրել և, իմ համոզմամբ, նման մոտեցումը լիովին սխալ է։ Լյուքսեմբուրգը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային շուտափույթ կերպով օժանդակել հրադադարի հաստատմանը», - նշում է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ընդգրկված է ԵՄ արտգործնախարարների այսօրվա գագաթաժողովի օրակարգում։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Սակայն հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։

Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից: