Թելեթոնի նախնական արդյունքներով հավաքվեց երեսունուկես միլիոն դոլար, Քարդաշյանն էլ մեկ միլիոն նվիրաբերեց

Քիմ Քարդաշյան, արխիվ

Լոս Անջելեսում երեկ հանուն Արցախի կայացած Аrmenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց երեսունուկես միլիոն դոլարի հասույթի մասին։ Այս թիվն, ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի, ներառում է կանխիկ նվիրատվություններ, բանկային ու առցանց փոխանցումներ, արժեթղթեր ու չեկեր ու նաև խոստումներ։ Թե, ի վերջո, որքան գումար կավելանա համահայկական հիմնադրամի հաշվին, պարզ կլինի մոտակա օրերին, երբ դրամահավաքի արդյունքներն ամփոփվեն։

«Քանի դեռ հիմնադրամը մանրամասներ չստանա երկու օրվա ընթացքում, թե կոնկրետ էդ երեսունուկես միլիոն դոլարից ինչքանն է նյութականացվել, մենք էդ գումարի մասին չենք խոսի», - ասաց Արշամյանը։

Այս պահին հիմնադրամի կայքի հաշվիչը ցույց է տալիս, որ Արցախի համար հավաքվել է 93.6 միլիոն դոլար, դրա մեջ դեռ արտացոլված չեն երեկ ամերիկյան թելեթոնի արդյունքները։

Արցախին օգնելու, տեղեկատվությունը տարածելու ու գոնե մեկ դոլար նվիրաբերելու կոչ իրենց բազմամիլիոնանոց հետևորդներին հղել են նաև Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քլոյեն և Քորտնին։ Նրանք հայտարարել են, որ իրենց մտքերն ու աղոթքները խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ են ու «չնայած մեզ բաժանող տարածությանը, մենք սահմանափակված չենք սահմաններով, և մենք միասին մեկ գլոբալ հայ ազգ ենք»։

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է նաև մեկ միլիոն դոլար նվիրաբերելու մասին։

Քիմ Քարդաշյանը գումարը նվիրաբերել է Լոս Անջելեսում գործող Armenia fund-ին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր կազմակերպությունն է Միացյալ Նագանգներում։ Այդ միլիոնը ևս դեռ ներառված չէ կայքում արտացոլված գումարում։

«Այնպես որ գումարներ կան, որոնք դեռ չենք ստացել։ Իմիջիայլոց ասեմ Հայ բարեգործական ընդհանուր միությամբ 10 միլիոն հավաքվեց, այսինքն 5 միլիոն հավաքեցինք, 5-ն՝ իրենք ավելացրեցին վրան, սակայն այստեղ արտահայտված է իրենց 10 միլիոնի 4 միլիոնը, հենց նստի մեր հաշիվներին, բնականաբար 6 միլիոնով կավելացնենք այս գումարը», - ասաց հիմնադրամի տնօրենը։

Տեղում՝ իրենց քաղաքներում դրամահավաքներ ու ցույցեր են անում աշխարհում սփռված հայերը․ Միացյալ Նահանգներում հայերը նյույորքյան Մանհեթենում են ցույց արել՝ դարձյալ պահանջելով ամերիկյան լրատվամիջոցներից խնդիրը հանրությանը ներկայացնել օբյեկտիվորեն։

Հայկական համայնքի մի մասը երեկ երեկոյան արգելափակել է Բրուկլինի կամուրջը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ «Ամերիկացիներ, արթնացե՛ք, տեսե՛ք, թե ուր են գնում ձեր՝ հարկատուների գումարները», - բարձրախոսով հայտարարում էր հայկական համայնքի ներկայացուցիչ Քրիստին Հալաջյանը՝ ընդգծելով․ - «Ձեր գումարներով Թուրքիան ու Ադրբեջանը ջիհադիստներ ու ահաբեկիչներ են վարձում և ուղարկում Արցախի ու Հայաստանի դեմ»։

Թուրքիային դուրս վռնդել ՆԱՏՕ-ից, դադարեցնել այդ երկրի ֆինանսավորումն ու ճանաչել Արցախի անկախությունը։ Սրանք են հայության պահանջները Միացյալ Նահանգներից»։

Եվրոպական մայրաքաղաքներում ևս ցույցեր ու երթեր են։ Դրանք անցել են Լոնդոնում, Փարիզում, Ստրասբուրգում, Բեռլինում։

«Չի կարելի թույլ տալ, որ միջազգային ահաբեկիչները թիրախավորեն խաղաղ բնակիչներին։ Ադրբեջանը խախտում է նաև հրադադարը․ նրանք հրթիռներով հարվածում են խաղաղ բնակավայրերին, սրան պետք է վերջ դնել», - հայտարարում են ցուցարարները։

«Ադրբեջանը հարվածում է եկեղեցիներին ու քաղաքացիական բնակչությանը։ Իմ կարծիքով՝ սա մի իրավիճակ է, որ զարգացած երկրի կառավարությունը չպետք է թույլ տա՝ պարզապես ձեռքերը ծալած նստելով», - Լոնդոնում հայտրարում էին ցույցի մասնակիցները։

Փարիզում ևս կարծում են, որ հայտարարությունները բավարար չեն, պատժամիջոցներ են պետք։ Արցախի ճանաչման կոչերով՝ նրանք երթ և ցույց են անցկացրել։

Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում բնակվող Գայանե Առաքելյանն ասում է՝ հայերը շվեդական 8 քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստոկհոլմում, այս օրերին ցույցեր են անում, պահանջելով առաջին հերթին օբյեկտիվ տեղեկություն հաղորդել հանրությանը։

«Մեր հիմնական պահանջը եղել է այն, որ հանրությունը տեղեկություն ունենա, թե ինչ է իրականում կատարվում, որովհետև անխտիր բոլոր նորությունները հաղորդում են, որ մենք, ամեն դեպքում, օկուպանտներ ենք։ Մեր պահանջն է, որ աշխարհին ներկայացվի մեր պատմությունը», - ասաց Առաքելյանը։

Զուգահեռ Գյոտեբորգում ցույցեր են իրականացնում նաև ադրբեջանցիները։ Երկու համայնքների միջև բախում չի եղել, սակայն սադրանքի որոշ փորձեր եղել են․ - «Երթ կազմակերպեցինք կենտրոնից դեպի կենտրոնական եկեղեցի և այդ ընթացքում կողքից աղմկեցին, որ «Ղարաբաղը մերն է», բնականաբար, մենք ռեակցիա չտվեցինք»

Հումանիտար հրադադարի լուրը, Գայանեն ասում է, ոգևորությամբ ընդունեցին, սակայն, դա կարճ տևեց, ցույցերը կշարունակեն, հավաքած դրամական միջոցները շուտով կփոխանցեն հիմնադրամին։

Շատ շուտով Շվեդիայի հայության կողմից մի կլորիկ գումար կփոխանցվի ֆոնդին։ Մի հավատք ունենք, որ հաստատ հաղթելու ենք, որովհետև շատ մեծ տարբերություն կա, երբ որ ազգը պատրաստ է կռվել մինչև վերջին շունչը, մյուս ազգը պատրաստ է կռվել, միգուցե, մինչև վերջին զենքը»: