Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ, երեկ առավոտյան Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են տանը գտնվող երկու խաղաղ բնակչի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա մորը։ Ադրբեջանն այս տեղեկությունը հերքում է։
Ըստ Արցախի օմբուդսմենի, զոհերի թիվը նախնական է, հնարավոր է՝ ավելին լինի։
«Առնվազն երկուսի մասին է խոսքը, բայց կարծես ավելին են, դեռ չեմ ուզում թիվ հրապարակել, ճշգրտումներն ու հետազոտությունները կատարում ենք, համապատասխան քննությունն անցկացվում է։ Մի բան միանշանակ է, երբ դիվերսիոն խումբը ներթափանցել է Հադրութ, բավականին խոշոր դիվերսիոն խումբ է եղել, նախ իրենք սկսել են վառել որոշ տներ՝ փորձելով, հավանաբար, նաև ահաբեկել քաղաքացիական բնակչությանը, և կոնկրետ դեպքեր գիտենք, որ որտեղ քաղաքացիական բնակչության են հանդիպել, գնդակահարել են, ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ կարող են դեպքեր լինել նաև խոշտանգման, դիակապտության և այլն։ Բայց առնվազն այս պահին հաստատված է, որ երկու քաղաքացիականի սպանել են և իրենց տանն են գնդակահարել, այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի հանդեպ», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Բեգլարյանը հիշեցնում է 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում գնդակահարված անձանց հետ տեղի ունեցած վայրագությունների մասին, երբ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել Թալիշ, որտեղ այդ ժամանակ մնացել էին մի քանի խաղաղ բնակիչ։ Ադրբեջանցիները գնդակահարել և կտրել էին ամուսինների ականջները, գնդակահարել էին նաև 92-ամյա կնոջ։
Արտակ Բեգլարյանը հույս է հայտնում, որ այս անգամ Հադրութում նման դաժան հանցագործություններ չեն կատարվել․ - «Ես մեծ հույս ունեմ, որ այդպիսի բան, այդպիսի դաժան հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ չեն կատարել։
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը, Բեգլարյանի խոսքով, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում, նախնական տվյալներով, սպանվել է առնվազն 23 խաղաղ բնակիչ։ Մարմնական վնասվածքներ է ստացել առնվազն 102 մարդ։ Օմբուդսմենի փոխանցմամբ, զոհերի թիվը կարող է և ավելին լինել, ինչը կապում է հատկապես Հադրութում երեկ տեղի ունեցած դեպքով։
Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է:
Ադրբեջանական կողմը երեկ հաղորդել էր, որ սեպտեմբերի 27-ից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում 31 զոհ է ունեցել։
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացնում Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ ապացույցներ
Հայաստանի կառավարությունը միևնույն ժամանակ շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ ապացույցներ, «Ազատության»-ը տեղեկացրեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։«Վերջին ներկայացրած ապացույցները վերաբերում են վերջին մեկ երկու օրերի ընթացքում կատարվածներին, մասնավորապես, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա թիրախային հարձակումը, որը կոպտագույն խախտում է հանդիսանում, թե՛ մարդասիրական իրավունքի, թե՛ ընդհանրապես մինիմալ ստանդարտների մարդասիրության տեսանկյունից։ [Հադրութի դեպքի հետ կապված] դեռ չենք հասցրել, բայց անպայման առաջիկայում նոր թարմացում կուղարկենք այսօր կամ առավոտյան», - ասաց Կիրակոսյանը։
Նրա փոխանցմամբ, նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ․ - «Խոսքը վերաբերվում է և՛ տարբեր պետությունների, կամ միջազգային կազմակերպությունների կողմից արված հայտարարություններին, և՛ նաև հեղինակավոր միջազգային պարբերականներում կատարված հիմնարար վերլուծություններին»։