Կրկին հրթիռակոծվում է Ստեփանակերտը, հայտնում է Վահրամ Պողոսյանը

Հրադադարի վերաբերյալ համաձայնությունից հետո Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է, հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

Պողոսյանն ընդգծել է, որ Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։

«Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը», - նշել է Արցախի նախագահի խոսնակը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում 13 օր շարունակվող պատերազմական գործողություններում հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հայկական կողմը հաղորդեց նախքան հրադադարը Հադրութի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին: Ժամեր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հադրութում իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: