Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ «ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»:
ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հրադադարի վերաբերյալ համաձայնությունից հետո, Ադրբեջանը, դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը, շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Սյունիքի մարզի բնակավայրերին:
«Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:
Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը», - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: